Ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի.Նարեկ Բաբայան
Պետական եկամուտների կոմիտեի համար կառուցված Դիլիջանի ուսումնական կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Այնտեղ կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերևի հարկում՝ 3 ննջասենյակ։ Դրանք ևս փակի տակ են: Կա նաև կենտրոնական մասնաշենքն ու սպորտային համալիրը։ Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգտագործվում»,- ասաց Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։
«Թեև վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ»,- նշեց նա:
Հարցին, թե իրենք առաջակություններ են պատրաստում, որպեսզի հյուրանոցային հատվածն առանձնացվի՞, Նարեկ Բաբայանն ասաց, որ այն առանձնացնել հնարավոր չէ։
«Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Համենայնդեպս, վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, վարճարանը պետք է ապահովված լինի շատ լավ պայմաններով, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա, բայց դրա համար հսկայական գումարներ ծախսի՝ պահպանություն և այլն: Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է գույքային վատ պայմաններ ունեցող վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան կազմում եմ 63 միլիոն դրամ», - ընդգծեց Նարեկ Բաբայանը:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց նաև, որ նշված կառույցի շինարարության հետ կապված հարուցվել է 3 քրեական գործ, և ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է յուրացվել: Նրա խոսքով՝ որոշ հատվածներ կան, որ շինարարությունն այնտեղ ավարտված չի եղել, և ՊՆ-ն պնդել է, որ շինաշխատանքներն ավարտին հասցնեն:
Այսպիսով, ըստ նրա, ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի։
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար պետք է պատրաստված լինի բարեկարգ , համապատասխան պայմաններով տարածք, որից հետո այն պետք է տեղափոխվի»,- ասաց Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ բաց և թափանցիկ գործելաոճ են որդեգրել և ցանկցած գործարք լինելու է մրցութային: