Կապանում պոլիէթիլենից շինանյութի փորձնական արտադրանք են ստանում
Կապանում 2017 թվականի հունվարից մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների․ շինարարական նյութերի ստացում պլաստիկ թափոններից» ծրագիրը կյանքի է կոչվում։ Մայիսին նախատեսվում է պաշտոնապես բացել մի արտադրամաս, որը թույլ կտա վերամշակել աղբը, ստանալ շինանյութ։
Zangezur.tv-ն գրում է, որ Եվրոպական միության, Կապանի համայնքապետարանի, «Ուրբան», «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամների, «Մրցունակ հասարակություն» սոցիալ-տնտեսական հկ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում արտադրամասում շինարարական, կահավորման, սարքավորումների մոնտաժման վերջին աշխատանքներն են կատարվում։
«Պլաստշին» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Հարությունյանը նշել է, որ առայժմ մոտ 5-6 անուն շինանյութ են կարողանում ստանալ։ Փողոցների եզրաքարեր, սալիկների 2 տեսակ, կղմինդրներ, ցանկապատելու հանգույցներ՝ կանաչ տարածքները սահմանազատելու համար։ Պլաստիկից ու պոլիէթիլենից ստացված շինանյութի առավելությունների մասին խոսելիս տնօրենը ասում է, որ նյութը ամուր է, հիմնականում չի ջարդվում, թեթև է, երկարակյաց․ ամենաքիչը 50-60 տարվա կյանք ունի։
Աղբյուրը գրում է, որ շինանյութի բաղադրամասերը ավազն ու մանրացված պոլիէթիլենն են։ Այն հնարավոր է գունավորել։ Սարքավորման մեջ միախառնելով բաղադրամասերը՝ ջերմային մշակման են ենթարկում, որից հետո, կախված արտադրվող շինանյութի տեսակից, զանգվածը կշռվում է, և հումքը տեղափոխվում է հաջորդ փուլ՝ մամլիչի մեջ վերջնական ձև ու կերպարանք ստանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին