Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և «Ferrari»-ով էլ չեն կարողանալու հասնել. Փաշինյան
«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ գրում են, թե երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, տեսեք՝ ինչ է լինելու, բայց ոչ մի բան էլ չի լինելու։
«Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն իրենց գնացքի հետևից «Ferrari»-ով էլ հասնեն, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, քանի որ իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք Հայաստանում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: «Ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք վերջին 10 ամիսներին մարդկանց սոցիալական վիճակը բարելավվե՞լ է, վարչապետն ասաց, որ 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները բարձրացել են, 200 հազար մարդու աշխատավարձերը բարձրացրել են:
«2019-ի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Այո’, Հայաստանում կան մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որ ավելի վատ են ապրում։ 2018 թ-ի սեպտեմբերին խոսվում էր գնաճի տեմպերի մասին, և մենք կարողացանք կոնկրետ գործողություններով գնաճը զսպել։ Հայաստանում կար էլիտա, որ ասում էր՝ բրինձ բաժանենք, կարտոֆիլ բաժանենք, իսկ մենք ասում ենք, որ մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախկին քաղաքական էլիտային ձեռնտու չէր, որ մարդն աշխատի ու վաստակի, քանի որ աշխատող մարդը քաղաքականապես ինքնուրույն է, նրան հնարավոր չէ 5 հազար դրամ ընտրակաշառքով գնել:
Հարակից հրապարակումներ`
- Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան
- Արցախի հարցում հայտարարությունները մարտահրավեր չեն, երկխոսության հրավեր են․ Նիկոլ Փաշինյան
- Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 30 տոկոսով. վարչապետ (լրացված է)