Դավթաշենի նախկին թաղապետ. Հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ գործող քաղաքապետը հայտարարել էր՝ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երևան համայնքին չի պատկանում, դրանք պատկանում են ինչ-որ մարդկանց։ Մարությանն ասել էր՝ նյութեր են պատրաստվել և փոխանցվել քննչական մարմիններին:
Դավթաշենի նախկին ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ “բացահայտումների” վրա։
Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը,այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ։
Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց եկել եք՝ միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ՝ ինչ խոսում եք, սուտ եք խոսում,ուղղակի խաբում եք երևանցիներին։
Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երևանը դարձրել եք Սանիտեկ ընկերության մատակարարը։
Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում»։
Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանն իր լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարել էր անցած տարվա հոկտեմբերի 26-ին։
«Հավատացնում եմ, շատ դժվար էր բոլորիս կողմից հարգված պարոն Արթուր Գևորգյանից ստանալ փայլուն ժառանգություն, այդ բարձր նշաձողը պահպանել ու եղածի վրա ավելացնել։ Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվեց։
2008 թվականից սկսած մեր թաղամասը տարեցտարի ավելի հարմար ու բարեկարգ է դարձել։ Ու այսօր առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ հաջորդ թաղապետին թողնում եմ մայրաքաղաքի լավագույն վարչական շրջանը»,-հրաժեշտի խոսքում ասել էր նա։