ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը Ֆրանսիայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը
Մարտի 21-ին ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի հրավերով մասնակցել է վերջինիս կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Խորհրդի նախագահ Պատրիկ Բերնարսկոնին (Patrick Bernasconi), ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանը (Adama Ouane), Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ՖՄԿ անդամ պետությունների դեսպանները, ՖՄԿ օպերատորները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդությունը։Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ելույթով հանդես է եկել դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Նա գոհունակություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված տոնակատարությունները տևում են երկու ամիս, որի ընթացքում կայանում են բազմաթիվ մշակութային և կրթական միջոցառումներ։
Իր խոսքում դեսպան Տեր-Ստեփանյանն անդրադարձել է նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին՝ ընդգծելով դրա մեծ հաջողությունը, ինչպես նաև գագաթաժողովի համար ընտրված «Ապրել միասին» թեմայի արդիականությունը։
Միջոցառմանը հրավիրված էր հայկական «Երազ» պարային համույթը, որը հանդես է եկել պարային բեմադրությամբ։