ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին
Մարտի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարեցին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը, շնորհավորելով մասնակից պետություններին Բուենոս Այրեսի գործողությունների ծրագրի քառասունամյակի կապակցությամբ, հույս է հայտնել, որ օգտագործելով «Հարավ-Հարավ համագործակցության» հսկայական ներուժը և մեկտեղելով միջազգային հանրության ջանքերը, հնարավոր կլինի ստեղծել համագործակցության ամրապնդման նոր և ընդգրկուն հարթակներ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում երկրի ազգային գերակայությունները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հեռահար և համապարփակ գործընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ, որոնք կապահովեն դրանց ներդաշնակեցումը ՀՀ հավակնոտ բարեփոխումների ծրագրին, որն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած վճռական քաղաքական և ժողովրդավարական փոխակերպումների արդյունքում։
Արտակ Ապիտոնյանը նաև նշել է Հայաստանի նախաձեռնությունները՝ միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համընդհանուր զարգացման օրակարգին ներդաշնակեցնելու ուղղությամբ, ինչպիսիք են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահության շրջանակներում միջոցառումները, Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և այլն։
Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Ա. Ապիտոնյանն ասել է, որ Ադրբեջանը, խուսափելով փոխզիջումային լուծումներ գտնելուց, մերժելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և շարունակելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, իրական սպառնալիքներ է առաջացնում Արցախի բնակչության գոյատևման, հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար։
Փոխնախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումներին որպես կայուն զարգացմանը և բարիդրացիության միջավայրի ձևավորմանը խոչընդոտող գործոնին։
Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Գվատեմալայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաիրո Էստրադայի (Jairo Estrada) հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերն ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։
Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թան Սոնի (Bui Thanh Son) հետ քննարկվել են տնտեսական կապերի և մշակութային-կրթական փոխանակումների աշխուժացման վերաբերյալ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վիետնամական կողմին հրավիրել է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին։
Կարևորվել է նաև ԵԱՏՄ հարթակը տնտեսական կապերը խթանելու համար լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յենս Ֆրոլիխ Հոլթեի (Jens Frolich Holte) հետ էլ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին Նորվեգիայի շարունակական աջակցությունը, միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնումը, երկու երկրների քաղաքական շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան