Ռադովան Կարաջիչի դատավճիռը փոխվեց ցմահ ազատազրկման
Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավճիռը, որը հրապարակվեց երեկ Հաագայի դատարանում, խստացվել է։ Կարաջիչի 40 տարվա ազատազրկումը փոխվեց ցմահ ազատազրկմամբ։
Նշենք, որ 3 տարի առաջ՝ 2016թ.-ին, նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը մեղավոր ճանաչեց նրան 10 կետերով, որոնց մեջ էր նաև Սրեբրենիցայի ցեղասպանությունը, ու դատապարտեց 40 տարվա ազատազրկման։ Սակայն Կարաջիչը, ով պնդում էր իր անմեղության մասին, գործընթացն անվանել էր քաղաքական ու բողոքարկել դատավճիռը։
Մեղադրական կողմը ևս գոհ չէր մնացել դատավճռից, քանի որ պահանջում էր ցմահ բանտարկություն։
Ռադովան Կարաջիչը, ով այժմ 73 տարեկան է, 13 տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից, սակայն 2008թ.-ին ձերբակալվեց Սերբիայի հատուկ ծառայությունների կողմից Բելգրադի արվարձաններում։
Ինչպես գրում է euronews-ը, նախկին քաղաքական գործիչ Կարաջիչը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ։ Նշվում է, որ մոտ 100 հազար մարդ սպանվել է, միլիոնավորները դարձել են անտուն պատերազմի ժամանակ, որը հանգեցրեց նախկին Հարավսլավիայի անկմանը։ Կարաջիչին հաճախ արևմտյան մեդիան անվանում է «Բոսնիայի մսագործ»։
Նախօրեի դատավճիռը վերջնական է և այլևս չի կարող բողոքարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Կարաջիչի վերջնական դատավճիռը կհրապարակվի այսօր
- ԿԱՐԱՋԻՉԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԱԼ
- ԿԱՐԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱԱԳԱՅԻ ԲԱՆՏ
- ԿԱՐԱՋԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ