Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և թափանցիկության ապահովման ուղղությամբ անշրջելի են և նոր հնարավորություններ են բացում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, որն օրինակելի փորձ է կուտակել այս ոլորտներում:
Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր:
Նիկոլ Փաշինյանը Փիթեր Էրիքսոնի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները