Քննչական կոմիտեի ղեկավար. Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ
«Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի օպերատիվությունն ու որակը»,- ընդգծել է քննչական կոմիտեի նախագահը՝ Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված նիստում։
Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասել է, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է։
«Անցնելու եք շատ խիստ ատեստավորում և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտել է Քննչական կոմիտեի նախագահը:
ՔԿ փոխանցմամբ, Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։
«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝ իրականությունից չկտրվելու և քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է»,- ընդգծել է ՔԿ նախագահը: