Պատգամավորն առաջարկում է քառօրյայի մյուս 2 օրը արտագնա նիստ անցկացնել Գյումրիում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին նշեց. «Հավանաբար, այս քառօրյան էլ մենք վաղը կսպառենք և ընդունելով, որ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ քառօրյայի հաջորդ երկու օրերին կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում և քննարկել ավագանու նիստը, բացի այդ տեղում կազմակերպել ժողովրդի հետ հանդիպում: Ժողովուրդը խոսք ունի՝ երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ։ Մենք էլ փորձենք անջրպետը հաղթահարել, որպեսզի քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով լսենք խնդիրները, որոնք կարող են օրենսդրական նախաձեռնություն դառնալ»։
Բագրատյանի խոսքով՝ միայն այս քառօրյային չէ, որ իր առաջարկը վերաբերում:
«Քանի ժամանակ կա, քանի կառավարությունը պատրաստ չէ ամբողջ ռեժիմով նախագծեր բերելու, մենք էլ թերանում ենք, կարող ենք գնալ մարզեր, ավտոբուսներ տրամադրվեն, ողջ կազմով մասնակցենք ու վերադառնանք: Այս մշակույթը ներդնենք, 10 մարզ ունենք, և այդ մարզերում արտագնա նիստեր անենք։ Ժողովուրդն ասում է՝ միայն ընտրությունների ժամանակ եք մեզ հիշում, սա ևս առիթ կլինի ներկայացնելու, որ այդպես չէ: Կարծում եմ՝ ԱԺ ղեկավարությունը կքննարկի, բացի այդ ես նախատեսում եմ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել, այդ առաջարկությամբ այդ բացը լրացնել»,- ասաց Բագրատյանը։