Rammstein-ի տեսահոլովակը վրդովմունք է առաջացրել Գերմանիայում
Գերմանական Rammstein խմբի Deutschland երգի նոր տեսահոլովակը Գերմանիայում խիստ քննադատության է ենթարկվել։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Deutsche Welle-ին, գրում է, որ ինը րոպեանոց տեսահոլովակը հրապարակվել է խմբի Յութուբում մարտի 28-ին։ Դրանում արտիստները հանդես են գալիս նացիստական համակենտրոնացման ճամբարի գերիների կերպարով, որոնք կանգնած են մահապատժի հարթակին։
«Այն, որ Rammstein-ն այստեղ օգտագործում է միլիոնավոր մարդկանց տանջանքն ու մահը զվարճալի նպատակներով, անպարկեշտ և նողկալի է»,- ասել է Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախկին ղեկավար Շառլոտա Կնոբլոհը։ Նա նաև ընդգծել է, որ երաժիշտները նսեմացնում են հոլոքոստի թեման։
Նրա հետ համաձայնվել է դաշնային կառավարության հակասեմիտիզմի դեմ պայքարի հարցերով հանձնակատար Ֆելիքս Քլեյնը։ Նա խմբին համարել է անճաշակ, նշել, որ հատել են թույլատրելի սահմանը։
Համաշխարհային ճանաչում ունեցող խումբը ստեղծվել է 1994 թվականին։ Նրանք թողարկել են վեց ալբոմ։