Ձոն դատավորաց
Երբ ֆուտբոլային խաղի ժամանակ մրցավարը բացահայտ կողմնապահություն է անում, ողջ մարզադաշտը գոռում է «դատավորն առա՛ծ ա, խաղը ծախա՛ծ ա» (ամենամեղմ արտահայտությունը):
Երբ ռինգում ռեֆերին չնկատելու է տալիս արգելված հարվածը՝ ողջ դահլիճով մեկ տարածվում է «դատավորին դո՛ւրս գցեք» գոռոցը:
Երբ գեղեցկության մրցույթում ժյուրին առաջնությունը տալիս է ակնհայտորեն ոչ ամենագեղեցիկին՝ նրանց անվանում են ծախված դատավորներ:
Լիովին արդարացված են դժգոհության այս դրսևորումները, քանի որ նշված իրավիճակներում մարդիկ դատավորներին են փոխանցել գնահատելու իրենց իրավունքը և ակնկալում են արդարացի վճիռներ... հակառակ պարագայում՝ «судью на мыло», այսինքն՝ դատավորն անպիտան է և զրկվում է վստահությունից:
Բայց հետաքրքիր է չէ՞, որ նման խիստ դրվածքը չի գործում մարդկանց ճակատագրերը որոշող դատավորների թերացումների դեպքում: Ոչ ոք նրանց չի խոտանում և չի զրկում աշխատանքը շարունակելու իրավունքից, չնայած որ նրանց սխալները շատ ավելի ճակատարագրական են լինում:
Գուցե ենթադրվում է, որ նրանք գիտակցված սխալներ թույլ տալու իրավունք չունեն (ակամա սխալներից ոչ ոք ապահովագրված չէ), քանի որ դատավորի պատմուճանը հագնելով՝ ենթակա են դառնում միայն օրենքին:
Վստահաբար, դատավորի այս տեսակը նկատի ուներ Մխիթար Գոշը, երբ իր «Դատաստանագրքի» գրման 12 պատճառների շարքում որպես տասնմեկերորդ պատճառ նշում էր հետևյալը. «.... որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջև, ուստիև ճշմարիտ և ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար»։
՚Է՜հ, մեր հանճարեղ նախահայր, եթե միայն իմանայիր, թե 11 դար անց ինչքան են փոխվել հայ դատավորները... Նրանք այսօր հետևում են ոչ թե օրենքի տառին, այլ թագավորի բառին: Նրանք երկնչում են ոչ թե Աստծուց, այլ վախենում են իրենց փողն ու դիրքը կորցնելուց: Նրանք դատ ու դատաստան են անում ոչ թե օրենսգրքով, այլ թելադրանք-պարտադրանքով: Նրանք կարող են անձեռնմխելիին ձերբակալել, նրա կալանքը երկարաձգել առանց հիմնավորման, քրեական հոդվածներով քաղաքական հաշվեհարդար իրականացնելուն մասնակցել: Եվ այդ ամենը մի պետական գործչի նկատմամբ, ով լինելով ՀՀ նախագահ 1998-2008թթ՝ երկիրը կանգնեցրեց բարգավաճման ուղու վրա: Շատ հայավարի երախտիքը ապօրինի կալանքը դարձավ: Իսկ ապօրինությունն իրականություն է դառնում պատմուճան հագած դատավորների շնորհիվ: Արդեն 8 ամիս է այսպես, և սա դեռ վերջը չէ. առջևում են նոր դատեր, նոր դատավորներ, նոր խախտումներ:
Անգամ տպավորություն է ձևավորվում, որ իրականացվում է դատավորների վարկաբեկման և դատական համակարգի նսեմացման ծրագիր... գուցե հող է նախապատրաստվո՞ւմ անցումային արդարադատության ներդնելու համար: Տարօրինակ բաներ են կատարվում մեր երկրում:
Ազգ, որը «Դատաստանագիրք» ուներ 12-րդ դարում, խաղալիք է դարձել մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող պետությունների ձեռքին: Հեղափոխության անվան տակ այս վերջին 11 ամիսներին, գրեթե պետական մակարդակով, հիմնավորապես խարխլվում են ազգային բարոյական արժեքներն ու չգրված օրենքները: Չձուլվելու, չը-ԼԳՏԲ-անալու, չհերետիկոսանալու համար մեր ազգը ուժ ու հավատ ունի, բայց դրանք բավական չեն գլոբալացվող այս աշխարհում ազգային դիմագիծը պահպանելու համար: Ուժեղ պետություն է պետք դիմակայելու համար: Ունե՞նք... Ո՛չ: Գործադիր-օրենսդիրը գրեթե մի մարմին են դարձել, մեկ անձի կամակատար, մեկ դերասանի թատրոն, այն էլ ապաշնորհ դերասանի: Իսկ դատական իշխանությունը դարձել է պատժիչ գործիք՝ ծանրաբեռնված հանրային պահանջ երևակայական հասկացության (պարզ ասած գործ տվողների ու դոնոսների) հրամցրած գործերով: Մինչդեռ մեր երկրի համար դժվարին այս փուլը կարող ենք հաղթահարել միայն այն դեպքում, եթե ունենանք հզոր դատական համակարգ՝ անկախ ու անաչառ դատավորներով, որոնց համար անցողիկ ու խիստ ժամանակավոր կառավարիչների կամքն ու քմհաճույքները գրոշի արժեք չեն ունենա: Միթե հենց այդ նպատակով չէ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում դատավորների անկախությունը և ասնաչառությունը: Իրենք՝ դատավորները շատ լավ գիտեն, շարքային քաղաքացին ևս պետք է իմանա այդ հոդվածները.
ՀՀ Սահմանադրություն, 7-րդ գլուխ, 164 հոդված
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
Իսկ նույն գլխի 162 հոդվածի 2 կետը սահմանում է՝ Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
Այսքան երաշխիքներ ունեցող դատավորների երկչոտությունը, մեղմ ասած, տարօրինակ է:
Լիա Իվանյան