Արևելյան գործընկերությունը շոշափելի արդյունքներ է տվել ու այստեղ դավադրության տեսություն չկար. Սվիտալսկի
«Արևելյան գործընկերությունը, որը պաշտոնապես մեկնարկեց 2009թ.-ին, շատ կարևոր մեխանիզմ էր այս երկրները ԵՄ-ին մոտեցնելու նպատակով: Իհարկե, դեռևս կան մարդիկ, դավադրության տեսությունների համակիրները, ովքեր համարում են, որ այստեղ կար թաքնված օրակարգ: Պետք է ասեմ, որ այստեղ ոչ մի թաքնված օրակարգ չկար: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը՝ մտապահելով, որ հարավային մասն արդեն կուռ ինստիտուցիոնալ հենք ուներ, քանի որ ԵՄ մի շարք անդամներ կարծում էին, որ հարևանության քաղաքականությունը կարիք ունի երկու հստակ հենասյուների»,-այսօր Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը նշեց, որ այսօր Բրյուսելում փորձագետները և ղեկավարությունն արդեն վայելում են այս քաղաքականության արդյունքները: Տասը տարին բավական լուրջ ժամանակ է, որպեսզի մտածես արդյունքների մասին, որոնք շատ շոշափելի են, կարևոր ու դժվար է դրանք հարցականի տակ դնել:
«Երբ նայում ես Արևելյան գործընկերության երկկողմանի առանցքին, չափմանը, սրանք լուրջ և իրական նվաճումներ են՝ Ասոցացման համաձայնագիրը, գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ: Վիզաների ազատականացումն այժմ տարածվում է երեք գործընկներ երկրների վրա, ևս շատ էական է, որից օգտվում են հասարակ մարդիկ: Բազմակողմանի կտրվածքով տարբեր նախաձեռնություններ կան, որոնցից է տրանսպորտային երթուղիների տարածումը Եվրոպայից դեպի հարևանության երկրներ: 13մլրդ եվրո մինչև 2030թ.-ը հատկացվելու է բոլոր գործընկերներին: Սա ևս շոշափելի ու իրական է»,-ասաց Սվիտալսկին:
Սվիտալսկին կարևոր ծրագրերից նշեց քաղաքապետերի համագործակցությունը, երիտասարդների մասնակցությունը Erasmus ծրագրին, ՓՄՁ-ներին աջակցությունը:
Անդրադառնալով գործընկերների անվտանգությանը, դեսպանը նշեց, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգն ընդգրկված են իրական պատերազմներում և նրանք Եվրոպական միությունը դիտում են նաև որպես անվտանգության մատակարար: Անվտանգության չափումը, իհարկե հաշվի առնելով ԵՄ սահմանափակումները, այդուհանդերձ արժանի է ուշադիր զննման: Կարևորվեց լավ կառավարումը:
Սվիտալսկին ասաց, որ չնայած որոշ երկրներ հետ են գլորվում ԵՄ ստանդարտներից՝ հանդիսանալով Արևելյան գործընկերության մաս, ապա Հայաստանը լավ օրինակ է մի երկրի, որը ի վիճակի է իրականացնել մեծ փոփոխություններ և շատ լուրջ գործընթացների մեջ ներառվել՝ համակարգը բարելավելու համար:
Դեսպանը նշեց, որ Արևելյան գործընկերության երկրների օրակարգերը ևս տարբեր են՝ որոշները ցանկանում են միանալ ԵՄ-ին, մյուսների օրակարգում նման հարց չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ