ՄԻՊ-ը խորհրդատվություն տրամադրող բջջային հավելված է մշակում
Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ մեկ ամսից նոր հավելված կներդնեն Android և iOS համակարգ ունեցող հեռախոսների համար, և հավելվածն ունեցող բոլոր քաղաքացիներին կուղարկվի կարճ հաղորդագրություններ, խորհրդատվություններ, թե ինչպես իրավունքը պաշտպանել կոնկրետ իրավիճակներում։
«Օրինակ խոշտանգման զոհ դառնալու դեպքում ո՞ր մարմնին դիմել կամ ի՞նչ արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ կան։ Կամ ի՞նչ անել, եթե օրինակ, երեխան հայտնվել է վատ վիճակում դպրոցում։ Այս բոլոր հաղորդագրությունները լինելու են հատուկ սկզբունքով մշակված, որն իրականացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Սա միջազգային փորձի լավագույն օրինակներից մեկն է»,- նշեց Թաթոյանը։
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտին նա ասաց, որ այստեղ իրենց առաջնահերթություններից է կարծրատիպեր կոտրելը։
«Իսկ ահա հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մենք խնդիրներ առաջացնում ենք դեռևս մանկուց՝ մեկուսացնելով հասարակությունից, չհամարելով լիարժեք իրավատերեր։ սա սխալ է, այս պրակտիկան պետք է վերանա»,- նշեց նա։