Զոհրաբ Մնացականյան. Մենք մեզ համարում ենք հաղթողներ
«Մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթութամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկի»,-այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուանդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ խոսելով Հայոց Ցեղասպանության ու ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման մասին։
Նախարարն ընդգծել է, որ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ:
«Մյուս կարևոր հարցն այն է, որ ժխտված ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է, որը հետապնդում է սերունդների»,-ասել է Մնացականյանը։
ԱԳ նախարարը խոսել է ամենաանհանգստացնող խնդրների մասին, նշել, որ դրանք մի քանիսն են։
«Առաջինը, մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Մենք գիտենք ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը։
Ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյոք դա բավարար է, արդյոք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյոք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի։
Դրանք շատ կարևոր և դժվարին դասեր են եղել մեզ համար: Մենք հավատում ենք, որ բոլոր նախանշանները տեսանելի են: Ազգերը, նախևառաջ պետությունները միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին և երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան