Սևանի թերակղզում երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ սպանություն
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել էր 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:
Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:
Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:
Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:
Մանրամասները՝ ՔԿ պաշտոնական կայքում։