Նելլի Դուրյան. Երեք անչափահաս հղիներն էլ ամուսնացած են
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր արձագանքելով այդ տեղեկություններին, գրել է, որ հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր:
«Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները:
Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները:
Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը։