Իմ փորձն է դեր խաղացել, ոչ թե Վանեցյանի հետ բարեկամական կապը. Գարեգին Բաղրամյան
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։
Հիշեցնենք, որ վարչապետը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Գարեգին Բաղրամյանն իր ելույթի խոսքում նշեց, որ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք է ինչպես հանձնաժողովի անդամների ընտրությունը բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, այնպես էլ Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված ոլորտի գործունեությանն անկախության երաշխիքները։
Այնուհետև թեկնածուին հարցեր ուղղեցին պատգամավորները։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցրեց. «2004-18 թվականներին աշխատել եք ՀԾԿՀ-ում, ակնհայտ է, որ ունեք գիտելիքներ ոլորտին վերաբերող։ Բայց նաև հայտնի է, որ Դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք, ուզում եմ հասկանալ՝ Ձեզ առաջադրելու փաստում, գոնե Ձեր գնահատմամբ, քանի տոկոսով է դեր խաղացել Ձեր մասնագիտական գիտելիքներն և Ձեր բարեկամական կապը»։
Ի պատասխան Բաղրամյանն ասաց. «Դուք էլ Ձեզ խոսքում նշեցիք, որ բավականին երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում, համոզված եմ, որ իմ փորձն է դեր խաղացել, ոչ թե բարեկամական կապը»։
Նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ասաց. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման թույլտվություն։ Ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ, թալան է տեղի ունեցել և դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ։ Աղվան Հովսեփյանին, Խոսրով Հարությունյանին, այլ գեներալների, որ ՀԷԿ-եր կառուցելու լիցենզիա էիք տալիս և դրանք այսօր էլ այդ մարդկանց սեփականություններն են, որևէ ձևով ձեր գործունեության ընթացում դիմադրե՞լ եք, որ թույլ չտաք, չհամաձայնվեք հանձնաժողովների նիստերի ընթացում»։
Բաղրամյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ի կողմից տրված բոլոր լիցենզիաները ունեցել են բոլոր անհարժեշտ փաստաթղթերը, անկախ նրանից՝ պաշտոնյաներ են եղել, թե զինվորականներ. «Եղել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ հողհատկացումները, հողի նշանակության փոփոխությունները և այլն այդ լիցենզիաների տակ առկա են։ Եթե խախտումները այդ փաստաթղթերի վերցնելու ժամանակ են եղել, կարծում եմ համապատասխան գնահատական պետք է տան իրավական մարմինները, բայց հանձնաժողովը լիցենզիան տրամադրել է փաստաթղթերի առկա լինելու համար»։
Պատգմավորն արձագանքեց. «Ոչ թե հանրության շահն է պաշտպանվել, այլ կոնկրետ սուբյեկտների։ Որոնք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել։ Զղջացե՞լ եք այդ հիմնավորված սակագների համար, ընդվզե՞լ եք հանձնաժողովի նախագահի դեմ, որակներ ունե՞ք, որ հնարավոր կամային հատկություններով այսօր կարողանաք պաշտպանել, ոչ թե անհատների, այլ հանրության քաղաքացիների շահը»։
Ի պատասխան թեկնածուն նշեց, որ ինքը կարևորել է սահմանդրաիրավական փոփոխությունները ՀԾԿՀ մասով, ըստ որի՝ հանձնաժողովի անկախության աստիճանը ավելի բարձրացվել է։