Ջանջուղազյանը Մարուքյանին բացատրում է իր՝ ԱԺ-ին վերաբերմունքը
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ խորհրդարանում իր հետագա պաշտոնավարման հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանի ելույթին։ Պատգամավորը, մասնավորապես, նշել էր, որ «Ջանջուղազյանը պետք է այդտեղ նստած լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերվում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին»։
Ֆինանսների նախարարը նշեց, որ իր վերաբերմունքը Ազգային ժողովի նկատմամբ չափազանց հարգալից և ինստիտուցիոնալ է, սակայն ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք:
«Ես կուզենայի, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի: Հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք, թե որպես ամբողջական ԱԺ, թե խմբակցություն, թե որպես առանձին վերցրած պատգամավոր, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ է: Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցի քննարկման ժամանակ իր բացակայությանը, ինչը մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգը որևէ մասնակցություն չի նախատեսում. «Ուզում եմ, որ ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար, իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ԱԺ-ի և պատգամավորների հանդեպ հարգանքը չունի այլընտրանք. «Կարծում եմ, որ նման դեպքերի համար պետք է մշակել որոշակի վարքագծային կանոններ: Չեմ կարծում, թե մեծ խնդիր է, որ մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»։
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկեց այդ հարցը քննարկել նաև խմբակցությունների ներկայացուցիչների հետ, եթե անհրաժեշտ է այդպիսի վարքագծային կանոն մտցնել, ապա որևէ խնդիր չի տեսնում, որ այդ հարցը լուծվի։
«Իհարկե կարող են բարդություններ առաջանալ, քանի որ տասնյակ օրենքներ ու նախագծեր են քվեարկվում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե կա անհրաժեշտություն, կարելի է նաև օրենսդրական փոփոխություններով կարգավորել այդ հարցը, բայց նաև գտնում է, աշխատանքային կարգով այդ հարցերը կարող են քննարկել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չընդունեց Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշման նախագիծը
- ԱԺ-ն այսօր քննարկման կդնի ԼՀԿ-ի կողմից ներկայացված ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը
- Մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է. Մարուքյան
- ԼՀԿ-ն հարցապնդմամբ դիմել է կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում