Երևանի ավագանին կքննարկի Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու հարցը
Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունը, հնարավոր է, անվանափոխվի:
Անվանափոխության հարցն ընդգրկված է Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում: Որոշման նախագիծը ներկայացրել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Այսպիսով, առաջարկվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Երևանի Սառցե Պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Իրինա Ռոդնինան ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը և ով հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։ Իրինա Ռոդնինան մասնակցելով այդ միջոցառմանը իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։ Ելնելով վերոգրյալից առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին»:
Հարակից հրապարակումներ`
- «Լույս»-ը մտադիր է գեղասահքի դպրոցի անունը փոխել արտահերթ նիստում
- Իրինա Ռոդնինա. «Տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց»
- Երևանում կբացվի Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոց (լուսանկարներ)