Արցախի ոստիկանություն. Եղբորը սպանելու պատճառը ինտերնետային խաղերը չեն
Արցախի ոստիկանությունը տարածել է պարզաբանում Նոր Գետաշեն գյուղում տեղի ունեցած դաժան սպանության մասին։ Հիշեցնենք, որ Շահումյանի շրջանում 18-ամյա տղան սպանել էր կրտսեր եղբորը։
Պարզաբանման մեջ ասված է.
«Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։
Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արարքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։