Երեկոյան, քնելուց առաջ օրհներգ չեն նվագում աշխարհում. ՀՌԱՀ նախագահ
«Օրենսդրական պահանջը երեկոյան ժամը 12-ին օրհներգը հեռուստաընկերություններով հնչեցնելու, մեր կարծիքով հնացած պահանջ է»,- խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դա ոչ թե դաստիարակում է մարդկանց, այլ որոշակի հակակրանք է առաջացնում օրհներգի նկատմամբ։
«Պատկերացրեք միջազգային խաղ է գնում՝ ֆուտբոլ, հետաքրքիր սերիալ կամ ինչ-որ հաղորդում, և ասենք Մեսին պետք է գոլ խփի և կեսից ընդհատվում է և մեր օրհներգն է գնում։ Ծիծաղելու բան չի։ Երեկոյան, քնելուց առաջ օրհներգ չեն նվագում աշխարհում, առավոտ հասկացանք, մարդիկ զարթնում են, դրոշն են բարձրացնում, քնելուց առաջ օրհներգն ինչու՞ են լսում»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ օրենքում անտրամաբանակն նորմեր շատ կան։
«Այդ ամեն ինչը մաքրել է պետք պարզապես»,- հավելեց ՀՌԱՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞վ է Լիլի Մորտոն». ՀՌԱՀ նախագահի արձագանքը՝ լրագրողի հարցին
- ԱԺ-ին է ներկայացվում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը