Թուրքական ընդդիմադիր թերթի սեփականատերը՝ ձերբակալման վտանգի մեջ
Թուրքական դատարանը Ինտերպոլից պահանջել է «կարմիր ցուցակի» (միջազգային հետախոուզում) մեջ ներառել թուրքական ընդդիմադիր «Sozcu» թերթի սեփականատեր Բուրաք Աքբային: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Աղբյուրի պնդմամբ՝ մինչ այդ թուրքական դատախազությունն Աքբայի վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել դատարանին, որում ներկայացված էր նրա կապը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ։
Նույն գործի շրջանակներում դատախազությունը պահանջել է 5-10 տարվա ազատազրկման դատապարտել «Sozcu» թերթի 8 թղթակցի, որոնք ըստ դատախազության՝ նույնպես առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ։
Թուրքական դատարանը Բուրաք Աքբայի գործը տարանջատել է քրգործով անցնող մյուս կասկածյալների գործերից, քանի որ «Sozcu»-ի սեփականատերը Թուրքիայի սահմաններից դուրս է գտնվում։ Իսկ մնացածները կալանավորված են։ Նրանց արդեն առաջադրվել է մեղադրանք, իսկ Աքբայի նկատմամբ մեղադրական եզրակացություն առայժմ չկա։
Այդ հանգամանքն էլ առաջացրել է Աքբայի դժգոհության պատճառը, որ առանց մեղադրական եզրակացության, թուրքական դատարանը Ինտերպոլից պահանջում է կարմիր ցուցակի մեջ ներառել Աքբային։ Այդ գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին։