Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված օրենքների նախագծերը
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
Նշենք, որ նախագծով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ-ի փոխարեն սահմանել 2021թ-ը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այս հարցով հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն առաջարկել է նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով:
«Այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Այս առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: Այսպիսով, օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն հատուկ ռեժիմով:
ԱԺ-ն նաև քվեարկության դրեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Քվեարկության դրվեց նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը:
Այս նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն 105 կողմ ձայնով: