Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան. Կոպիրկին
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում՝ Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված կեչու տնկիներով հայ-ռուսական բարեկամության ծառուղի բացվեց։
Բացման արարողությանը ներկա էր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ, որ հայ-ռուսական բարեկամության ծառուղին դառնա երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը», - լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը։
Լրագրողներին հարցին, թե արդյոք ծառատունկը Ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրյակին անցկացնելը որևէ կապ ունի վաղվա օրվա խորհրդի հետ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ կապ ունի մեր ժողովուրդների պատմության իրադարձությունների հետ։ Վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, շատ շուտով մենք տոնելու ենք Հաղթանակի օրը։ Կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը համախմբող նշանակություն ունի, որը խորհրդանշում է մեր բարեկամությունը, եղբայրությունը, մեր ձգտումը երջանկությանն ու խաղաղությանը»։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ դեսպանն ասաց, որ դրանք ամուր հիմք ունեն և միտված են ապագային։
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու ղեկավարությունները լիարժեք կերպով գիտակցում են, որ մեր երկների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին։ Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան։ Այցը կկայանա մեկ շաբաթից։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումներին, դրանք պարբերական բնույթ են կրում։ Իհարկե, նման հանդիպումների պլաններ կան», - նշեց ՌԴ դեսպանը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքներից՝ ինչին ի պատասխան ասաց. «Չեմ կարող ասել, որ հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են։ Բայց ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի, դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։