«Ժառանգություն». Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձևի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր՝ իշխանափոխության մեկ տարվա կապակցությամբ տարածել է հայտարարություն, որով հավաստել է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««Ժառանգությունը» փաստում է, որ հեղափոխական շրջադարձից հետո անցած մեկ տարին բավարար էր երկրում առկա խնդիրները համակարգելու և լուծման ռազմավարությունը մշակելու համար: Սակայն իշխող քաղաքական ուժի վերջին գորոծողությունները թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձևի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում:
Համոզված ենք, որ դեռ չեն կատարվել անուղղելի և համակարգային սխալներ, ուստի ժամանակն է հասարակական և քաղաքական համերաշխության մթնոլորտում լսելու միմյանց ձայնը և համագործակցային միջավայրում շտկելու բացթողումները, ըմբռնելու համակարգային վերլուծություններն ու առաջարկները:
Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից և հասարակական, քաղաքական ուժերի հանդեպ իր ունեցած անվստահության կանխակալ վերաբերմունքը հաղթահարելով միայն:
Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հայաստանում հակահեղափոխականը այսուհետ համաժողովրդական շարժման արդյուքնում իշխանություն դարձած քաղաքական ուժն է լինելու՝ համաժողովրդական շարժման արժեքների կյանքի կոչման ու տապալման համակարգում:
«Ժառանգությունը» մի անգամ ևս հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը, հանուն որի կայացման շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ազատ, անվտանգ միջավայր, ստեղծարար քաղաքացի, հզոր պետականություն կայացնելու դժվարին աշխատանքը»։