Հայկ Մարությանը վստահեցնում է՝ մաքուր Երևան ունենալու ճանապարհին են
«Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»,- այս մասին այսօր լրագրողեների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո, ունենալո՞ւ ենք մաքուր Երևան:
Հարցին, թե «Սանիթեկ» ընկերությանը տուգանելուց հետո աղբահանությունն ինչպես է իրականացվում, քաղաքապետը նշեց, որ ընկերության աշխատանքներից գոհ չէ, բայց տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է:
«Մենք անում ենք համալիր լուծումներ, նախ՝ «Սանիթեկ»-ին ասվել էր, որ եթե ապահովեն նորմալ, բնականոն աշխատանքը և Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք: Սկսեցինք իրենց աշխատել ամենօրյա ռեժիմով, բայց տեսանք, որ, այնուամենայնիվ, թերանում են: Մենք փորձել ենք իրենց օգնել, ամեն ինչ արել ենք, որ ոտքի կանգնեն, քանի որ ասում էին՝ շատ վատ վիճակում են: Հիմա տեսնում ենք՝ պատկերը բավարար չէ, դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որ բոլորդ տեսնում եք»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետն անդրադարձավ նաև ընդդիմադիր խմբակցությունների անդամների դժգոհություններին, թե ավագանու որոշումների մասին իրենց տեղյակ չեն պահում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր:
«Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր դրա մասին: Իրենք պետք է իմանան ավագանու իրավունքներն ու պարտականությունները, քաղաքապետն ու աշխատակազմը պարտականություն չունեն նրանց ամեն ինչի մասին տեղյակ պահելու: Նրանք կարող են գրավոր հարց ուղղել և տեղեկանալ»,- նշեց Հայկ Մարուքյանը:
Ըստ նրա՝ իրենց իրենց խմբակցության անդամներն էլ հաճախ ասում են, որ իրենց տեղյակ չեն պահում, ու ստանում են նույն պատասխանը, այն է՝ ամեն մեկը պետք է գործի իր լիազորությունների սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետին
- Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին