Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետուհուն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներին:
Մայր Աթոռից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ ժողովուրդն իր անսասան ու զորեղ հավատքի շնորհիվ կարողացել է դիմագրավել բազմապիսի փորձություններ:
Իր հերթին Սոդերթելիեի քաղաքապետուհին արձանագրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքապետուհին Նորին Սրբությանը նաև տեղեկություններ է փոխանցել իր քաղաքի հայկական համայնքի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հայերը կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքի վարչական, տնտեսական և հասարակական կյանքում: Տիկին Բուել Գոդները ուրախությամբ նշել է, որ Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին Սոդերթելիե քաղաքում է կառուցվել, ուր առկա են նաև ամենաշատ քրիստոնեական համայնքները:
Գարեգին Բ. Հայրապետը՝ ի դեմս քաղաքապետուհու, իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հագատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին և քրիստոնյաների արտագաղթին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ