Ստացվել է ԶՈՒ ՍՈՒ 24 ինքնաթիռի կործանման քրգործով նշանակված փորձաքննություններից մեկի պատասխանը
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում դեռևս քննվում է անցած տարվա վերջին ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստով հարուցված քրեական գործը։
Panoarama.am-ի հարցին ի պատասխան քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ նշանակած փորձաքննություններից մեկի պատասխանն են ստացել։
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատաձայնագրային փորձաքննություններ, ավիաինժեներատեխնիկական հանձնաժողովային փորձաքննություն, դատանյութագիտական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն:
«ՍՈՒ 25 ինքնաթիռի թռիչքից առաջ` նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել է փորձանմուշ, որը նույն օրը առգրավվել է: Առգրավված վառելիքի նմուշով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ստացված եզրակացության համաձայն` նմուշի փորձաքննությամբ պարզվել է, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների ջրի, մասազտիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի և խտության ցուցանիշներով համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին»,-եզրակացությունը ներկայացրեց Ն. Հարությունյանը։
Նրա խոսքով, ինքնաթիռի սև արկղերի վերծանումները դեռ չկան։
Նշենք, որ գործը հարուցված է Քրեական օրենսգրք 378 հոդվածի 2-րդ մասով, որը սահմանում է. «Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»։
2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվեց մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետևանքով զոհվեցին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բացառվում է զոհված օդաչուների միջանձնային խնդիր ունենալը. Արծրուն Հովհաննիսյան
- «Ժողովուրդ». Մանրամասներ են հայտնի դարձել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից
- ՍՈՒ-25-ի օդաչուներն ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել
- Վթարի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ