Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆլորենցիայում կմասնակցի «Կրոնների փառատոն»-ին
Երեկ երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնել է Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով:
Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: