Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում
«Մեզ համար շատ պարզ սկզբունք է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղի է ունենում շատ հստակ, միջազգայնորեն ճանաչված և միջազգային հանրության աջակցություն ստացած շրջանակներում` Մինսկի խմբի համանախագահություն: Մինսկի խմբի համանախագահության մեջ աշխատում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, աշխատում է Ադրբեջանը, աշխատում է Հայաստանը։ Դուք գիտեք, մենք նաև ունենք շատ էական հարց, որը վերաբերում է այս գործընթացի լիարժեք ֆորմատին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Մենք շատ հստակ ենք եղել. սա շատ պրակտիկ, շատ կարևոր հարց է, որովհետև Լեռնային Ղարաբաղին է վերաբերում այս ամենը։ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է` քաղաքական միավոր, որն իր ամբողջ ինստիտուցիոնալ կարողությունով, ունի ամբողջ այդ ռեսուրսը` ներկայացնելու Արցախի հարյուր հիսուն հազար բնակչությունը, մանդատը և այն ամենը, ինչ բխում է այդ մանդատից։ Նրանք սուբյեկտ են բանակցությունների, և ընդունելի պետք է լինի այս ամենը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Իրենց անունից խոսում է մանդատ ստացած իշխանությունը»,-այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Առաջին լրատվականին»։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը չի փախչում պատասխանատվությունից, եղել և մնում է բանակցային կողմ, սակայն եթե ԼՂ-ն զրկված է բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ 1994թ. զինադադարի համաձայնագիրը, որի 25-ամյակը լրանալու է մայիսի 12-ին, ստորագրվել է երեք կողմից, և դա միակ փաստաթուղթն է, որն այսօր ապահովում է մեր զինադադարը, ապահովում է կայուն իրավիճակ զինադադարի առումով։
ԱԳ նախարարը նշել է, որ եթե ներկայիս ձևաչափը պահելու իմաստը այն է, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանն է անմիջական դերակատարն այս ամբողջ իրավիճակի մեջ, Լեռնային Ղարաբաղը որևէ դերակատարություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ չէ, սա նորից մեզ բերում է փակուղու:
«Սկզբունքորեն ստացվում է, որ մենք ինչ-որ չափով բանակցում ենք երկու սեղանի շուրջ, որովհետև մենք կանոնավոր աշխատում ենք, քննարկում ենք և կանոնավոր երկխոսության մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ բոլոր մակարդակներով», -ասել է Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի հետ ներկայումս որևէ փաստաթուղթ չի բանակցվում, քննարկվում են սկզբունքները, մոտեցումները, դիրքորոշումները, դա բանակցային գործընթաց է. «Ամենաէականը, որ մենք չենք բանակցում որևէ ձևակերպված տեքստ»:
Հարցին, թե ժամերով զրուցում են առանց թղթի, ԱԳ նախարարն ասել է, որ ժամերով չեն զրուցում, ժամերով քննարկում են, համեմատում են, բանավիճում են, ի հայտ ենք բերում մեր տրամաբանությունը և փորձում ձևավորել ինչ-որ շրջանակ համաձայնությունների, որոնք արտահայտվում են հայտարարությունների մեջ:
«Եվ նայե՛ք շարունակականությունը՝ արտահայտված հայտարարությունների մեջ. երբ մենք սկսեցինք խոսել միջավայրի մասին, մենք սկսեցինք խոսել մեր դիրքորոշումների մասին, որոնք բովանդակային առումով արտահայտում են՝ ինչպես ենք մենք մոտենում այս հարցին: Հիշեցնեմ՝ բացառապես խաղաղ կարգավորում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ստատուսի և անվտանգության հարցերը Հայաստանի համար՝ որպես գերակա խնդիր և գերակա հարց: Հարցերի հաջորդ բլոկը ֆորմատին վերաբերող հարցն է, ինչպես որ արդեն քննարկեցինք: Երրորդ բլոկը միջավայրի հարցն է: Միջավայրն իր մեջ պարունակում է երկու բաղադրիչ՝ զինադադարի ռեժիմի պահպանում ու ամրապնդում և էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթների իրականացում: Երկրորդ բաղադրիչը մարդկային շփումներն են: Մեր մոտեցումն այդ ամբողջության մեջ է»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ փաստաթուղթ չեն քննարկում, բայց եկել ենք արդյունքների հանդիպումների ընթացքում:
Խոսելով առաջիկայում Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, Զոհրաբ Մնացականյանն ասել է՝ «կա երեք համանախագահ, հանդիպում եղել է Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, հանդիպում կարող է լինել նաև Վաշինգտոնում»։
«Երբ ԱՄՆ մեր գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է: ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու»,-ասել է ԱԳ նախարարը: