Փոխնախարար. Յուրաքանչյուր ներդրում պետք է լինի պաշտպանված
«Ցանկացած տնտեսական զարգացման առաջնային քայլը ներդրումն է։ Եթե մինչև 21-րդ դարի սկիզբը հիմնական ներդրումներն իրականացվում էին ֆիզիկական կապիտալում կամ մարդու արտադրողական կարողության մեջ, 21-րդ դարում հիմնական ներդրումներն արվում են մտավոր սեփականության կամ գաղափարների մեջ»,- Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ մտավոր սեփականությունը հաճախ կոչում են տնտեսական և մշակութային զարգացման հիմքը։ Փոխնախարարի խոսքով, յուրաքանչյուր ներդրում պետք է լինի պաշտպանված, այլկերպ որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ իր այսօրվա տաժանակիր աշխատանքն ապագայում կարող է արդյունք բերել, այսինքն հարստանալ ինքը և հարստացնել կողքիններին։
«Եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չլինի, չենք ունենալու այն ստեղծարար կարողությունը, որի պոտենցիալը միանշանակ ունենք»,- ասաց Ա. Ավանեսյանը։
Նա նշեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հեղինակային իրավունքի պաշտպանության թեմայով Մտավոր սեփականության գործակալության, «Հայ հեղինակի» և ստեղծարար համայնքի հետ ունցել է բազմաթիվ քննարկումներ։
Փոխնախարարն ասաց, որ պետությունը, մասնավոր համայնքը, ստեղծարար համայնքը պետք է միասին աշխատեն՝ կառուցելով այնպիսի մտավոր սեփականության պաշտպանության համակարգ, որն ապագայում նպաստելու է ստեղծարար մտքի զարգացմանը և այդ ստեղծարար մտքի պաշտպանությանը։
Ա. Ավանեսյանը նշեց, որ պետք է յուրաքանչյուր անձ, գործարար տեղեկացված լինի իր իրավունքներից, կարող լինի Հայաստանի դատական համակարգում այդ իրավունքներն ողջ ուժով պաշտպանել։
«Դա է լինելու Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման հիմքը»,- ասաց փոխնախարարը։