Նիկոլ Փաշինյան. Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը
«Մենք ունենք բավարար պոտենցիալ մտավոր հարստություններ կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը, ապագան այդ մտավոր գանձնարանի վրա հիմնելու, հենելու համար։ Հայ ժողովորդը տաղանդավոր է, ստեղծագործող է»,- Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտապանությունն ամենահրատապ ու ամենաքննարկվող, ամենաառարկայական թեմաներից մեկն է։
«Մարդկությունը եկել է այն եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը։ Վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր ու արժեքավոր է մտավոր սեփականությունը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով, չի կարող իրականության մեջ տեղի ունենալ մի բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մարդու մտքում. «Մեր բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության համար մտավոր սեփականության պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն։
«Եթե մենք նայենք ժամանակակից համաշխարհային տնտեսության կառուցվածքը, կտեսնենք, որ ամբողջությամբ հենված է մտավոր սեփականության վրա։ Այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր է՝ նավթ, գազ, ոսկի, մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք։ Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք։ Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործություն, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է։
Մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, այդ համարձակության առաջին քայլերն արել ենք մարտահրավեր նետելու այն հուսահատությանը, որում մեր երկիրը բավականին երկար ժամանակ գտնվել է։ Մենք ունենք այդ միտքը, կամքը, համարձակությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կոնֆերսնաին ներկա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում ընդգծեց ինտելեկտուալ սեփականության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտում։ Նա նշեց, որ Հայաստանի օրենսդրությունն այս առումով շատ զարգացած չէ։ Հ. Արշակյանն ասաց, որ նախարարությունը համագործակցում է խորհրդարանի հետ, ստեղծվել է խորհրդակցական խումբ վեր հանելու խնդիրները, որոնք այսօր կան օրենդրական ոլորտում, գնում է դրանք լուծելու ճանապարհով։
Այսօր ամբողջ աշխարհոմ նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները