Ռուբեն Բաբայան. Մենք ձևավորում ենք աղքատի մտածողություն
Աբոնեմենտային համակարգը երբեք որևէ երկրում, այդ թվում նաև Սովետական միությունում, չի եղել անվճար։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
«Ի՞նչ է նշանակում անվճար։ Անվճար կարելի է տալ միայն նրանց, ովքեր իսկապես չեն կարող վճարել։ Համընդհանուր, բոլորի համար անվճար նշանակում է, որ այն, ինչ դու մատուցում ես, արժեք չունի։ Սա բնական է։ Շատ և շատ ավելի հարուստ երկրներ, որոնք կարող էին այդ մշակութային ծրագրերն իրենց երեխաների համար անել անվճար, չեն անում։ Դու գնահատում ես միայն այն, ինչի համար վճարում ես, պատասխանատու ես այն բանի համար, ինչ-որ վճարում ես»,- նշեց նա։
Ռ. Բաբայանն ասաց, որ խոսքը գումարի մասին չէ. «Այդ մասին ասել եմ մշակույթի նախարարությունում քննարկման ժամանակ։ Նախատեսել էին շատ փոքր գումարի կոմպենսացիա։ Ասել եմ՝ եթե նույնիսկ գումարը լինի տասնապատիկ ավելի, քան մեր արժեքը, ես էլի կլինեմ կտրականապես դրա դեմ։ Մենք ձևավորում ենք աղքատի մտածողություն»։
Նա հիշեցրեց, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ ամենակարևոր պրոբլեմն աղքատությունն ուղեղներից հանելն է։
«Ո՞ւմ ենք մենք կրթում և ի՞նչ ենք մենք ուզում։ Ուզում ենք, որ երեխան մեծանա այն մտքով, որ թատրոն, թանգարան, պատկերասրահ գնալու համար պետք չէ վճարե՞լ։ Ի՞նչ ենք մենք ձևակերպում, ի՞նչ մտածողություն։ Աղքատի»,- նշեց արվեստագետը։
Նրա խոսքով, առաջին հայացքից թվում է՝ հրաշալի գաղափար է, ամբողջ հանրապետությունը ներառված է այս ծրագրում։
«Իրականում մարդը, օրինակ, ունի 700 հազար դրամ եկամուտ, բայց երեխային տալիս են անվճար տոմս։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ երեխան չի վճարում, ծնողն է վճարում։ Եվ ձևավորվում է, որ սա արժեք չունի։ Իզուր է ձեզ թվում, որ անվճար թատրոն, պատկերասրահ կամ համերգասրահ գնացած երեխան հետագայում կվճարի ու կգնա։ Չի վճարի»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Նշենք, որ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ, հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 11 մլն 604 հազար դրամ: Որոշման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունները նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Ծրագրի իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում այցելել 3 մշակութային կենտրոն՝ անվճար հիմունքներով:
Հարակից հրապարակումներ`
- Ուսման վարձի փոխհատուցում, դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացում. գործադիրի որոշումները
- Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
- Աբոնեմենտային համակարգի շնորհիվ 350 հազար աշակերտ կարող է անվճար այցելել մշակութային հաստատություններ
- Հանրակրթական դպրոցներում հոկտեմբերից աբոնեմենտային նոր համակարգ կներդրվի
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում