Իսկ ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղջանյանից դժգոհ լինեմ. վարչապետ
«Իսկ ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղջանյանից դժգոհ լինեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հարցրեցին, թե գո՞հ է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի աշխատանքից։
Դիտարկմանը, թե ասում է՝ 22 տարեկանում մարդիկ պետք է տիրապետեն օտար լեզուների, ունենան 3 տարվա աշխատանքային ստաժ, արդյոք իր թիմակիցները համապատասխանում են այդ չափանիշներին, վարչապետը պատասխանեց. «Էդուարդ Աղաջանյանը Մոնակոյի համալսարանն է ավարտել, կամ Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, ինչո՞ւմն է խնդիրը։ Ի՞նչ են արել այդ մարդիկ. եթե բան են արել՝ կտանենք, կդատենք»։
Լրագրողի դիտարկմանը, թե շատերը պրոֆեսիոնալ չեն, խնդիրներին չեն տիրապետում, օրինակ, Արարատի մարզպետը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպես մարզպետ՝ ազատ և արդար ընտրություններում ստացել է 20 հազար ձայն։ Երբ լրագրողներն ասացին, որ էյֆորիայի ազդեցության տակ են նրան ձայն տվել, վարչապետը հակադարձեց․ ««Իմ քայլը» 7-8 թեկնածու է ունեցել, բա ինչի՞ մյուսները չեն ստացել»: