Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգումը կավարտվի սեպտեմբերին
Նախօրեին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն հետևել է Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Jnews-ի հաղորդմամբ, նա ասել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ՝ 2019 թ-ի սեպտեմբերին:
Այս 15 կիլոմետրանոց հատվածը վերականգնվում է 2018 թ. հունիսից, և համաձայն պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի 6-ը: Փոխնախարարը խոստացել է, որ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Ըստ նրա, վերջին 10 տարիների ընթացքում այս ճանապարհին նման վերանորոգում չի կատարվել:
«Մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան, ժամանակակից, անվտանգ ճանապարհ: Մայիսի վերջին պատրաստ կլինի Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի այլ հատվածի վերականգման նախագիծը, որը կսկսվի Նինոծմինդայից և կլինի 8 կմ: Աշխատանքները կսկսվեն արդեն հունիսին, իսկ մինչև 2019 թ.-ի հոկտեմբեր վերականգնումն ամբողջությամբ պետք է ավարտվի»,-ասել է Իրակլի Քարսելաձեն:
Նա նշել է, որ ճանապարհը վերանորոգվում է շատ բարձր որակով՝ 120 սմ-ոց նոր հիմքով, 11 սմ երկշերտ ասֆալտով:
«Այս ճանապարհը կարևոր է ինչպես Նինոծմինդայի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որոնց հոսքը աճում է»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով
- Կվերակառուցվի Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգվում է