Հրանտ Մարգարյան. Վախենում եմ, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը
«Բոլորս ունենք վտանգի կանխազգացում, դրա համար հավաքվել ենք, որ կարողանանք միացյալ ջանքով չեզոքացնել ենթադրվող վտանգը»,- Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը։
Նա մանրամասնեց, թե ինչ վտանգի մասին է խոսքը, ասաց հավատում է, բոլոր հայերն էլ ուզում են՝ Արցախը լինի հայկական, միացված լինի Հայաստանին, սակայն մոտեցումների մեջ կան տարբերություններ։
«Ժողովրդի մի մասը ենթադրում է, որ Արցախը բեռ է, քանի դեռ պատերազմի վտանգ կա, պարտավոր ենք մեծաթիվ բանակ պահել, տնտեսությունը չի զարգանա, չենք կարող ազատ աշխարհ դուրս գալ և այլն։ Մտածում են Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, կա նաև շտապողականություն, կա նաև մրցակցություն, որ այս հարցը պետք է իմ ղեկավարման շրջանում լուծվի»,-ասաց դաշնակցական գործիչը։
Մարգարյանի խոսքով, մի մոտեցում էլ այն է, որ Արցախը, պատերազմը մեզ միավորելու, տնտեսությունը զարգացնելու, միավորված լինելու, Գանձակն ու Նախիջևանն ազատագրելու պատճառ է։
«Իրականության մեջ Արցախը Հայաստանի գոյության կենսական անհրաժեշտություն է։ Մենք վերջին 10-11 տարվա ընթացքում ճիգ ենք թափել գոյություն ունենալու համար։ Հիմա մենք կարող ենք զարգացման ուղի դուրս գալ, բայց զարգացման ուղի դուրս գալ զիջելով չենք կարող։ Ամբողջ խնդիրն այս է։ Եթե մտածում ենք, կզիջենք ու հարցը կվերջանա, ապա սխալվում ենք։ Նվազագույն զիջումը մեզ կտանի կործանման»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչն ու ավելացրեց, բայց դա չի նշանակում, որ չպետք է բանակցել։
Նրա խոսքով, խաղաղության համար պետք է ճիգ թափել, նաև հասկանալ, թե որտեղ է, որ Ադրբեջանը չի զիջի։
«Եթե նույնիսկ զիջի, մենք պետք է մտածենք, որ այս հակամարտությունը հավերժական է, դրան պետք է պատրաստվենք, պետք է մտածենք ինչպես դիմակայել, ինչպես զարգանալ, հակառակ դեպքում մենք կսխալվենք, կկորցնենք ազատագրված տարածքները, Արցախը, Զանգեզուրը, ապա նաև Երևանը։ Այդ ճանապարհը մեզ այդտեղ է տանելու»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Իր ելույթում նա խոստովանեց՝ վախենում է, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։
«Վախենում եմ, որ այդ օրը մենք մեր դիմադրողականությունը կկորեցնենք և ասենք, պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներից, բայց իրականության մեջ մեզ այս Արցախն է պետք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Այն խաղաղությունը, որը մեզ պետք է, նվաճվում է
- Վիկտոր Սողոմոնյան. Արցախյան ազատամարտի ու դրա արդյունքների արժևորման կարիքն այսօր զգացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ