Արմավիրում ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը ձերբակալվել է
Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակում է կատարվել: Դրա մասին ոստիկանություն է ահազանգել Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը: Նրա փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: Հարձակվողի պահանջները չէին կատարել և նա, ոչինչ չստանալով, փախել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել: Արաբկիրի ոստիկանները սկսել են հետախուզական լայնածավալ միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը րոպե առաջ պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Օպերատիվ աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, որոնք չենք հրապարակի՝ նախաքննությանը չվնասելու նկատառումով:
Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի: Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալվեց:
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին