Պուտին․ Ռուսաստանը հրշեջ բրիգադ չէ, որ ամեն ինչ փրկի
Մայիսի 15-ին Սոչիում կայացել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որը ըստ Ավստրիայի նախագահի, եղել է բաց ու գործնական։ Այս մասին գրում է euronews-ը։
Պատասխանելով Իրանի միջուկային գործարքի հետ կապված լրագրողի հարցին, Պուտինը նշել է, որ Միջուկային գործարքից դուրս գալը ձեռնտու չէ Թեհրանին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հրշեջ բրիգադ չէ և իրենք չեն կարող ամեն ինչ փրկել, ինչը լիովին իրենցից կախված չէ։
«Ես հիմա ոչ դիվանագիտական մի բան կասեմ, որը կարող է վնասել մեր եվրոպացի ընկերների ականջները: Ամերիկացիները դուրս են եկել գործարքից, համաձայնագիրը ոչնչացվում է, եվրոպական երկրները ոչինչ չեն կարող անել դրա փրկության համար, չեն կարող ռեալ աշխատել Իրանի հետ, որպեսզի կոմպենսացնեն կորուստները տնտեսության ոլորտում։ Բայց հենց Իրանը որպես արձագանք առաջին քայլերն անի, հայտարարի ինչ-որ բանից դուրս գալու մասին, վաղը բոլորը կմոռանան, որ Միացյալ Նահանգներն է եղել ոչնչացման նախաձեռնողն ու ամեն ինչ կբարդեն Իրանի վրա»,-ասել է Պուտինը։
Ավստրիայի նախագահն էլ իր հերթին ասել է, որ եվրոպական տեսակետից, մասնավորապես, սադրիչ է համարում այն, որ Միացյալ Նահանգները համատեղ գործողությունների ծրագրից դուրս գալուց հետո ընդունեց պատժամիջոցներ Իրանի դեմ, և միևնույն ժամանակ հայտարարեց, որ բոլոր եվրոպական ընկերությունները, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ, նույնպես կպատժվեն։
Ավստրիայի նախագահը նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների թեմային: Նա ընդգծել է, որ Ավստրիան հավատարիմ է ԵՄ միասնականության սկզբունքին և աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կոմպրոմիսներ գտնել Եվրոպայի հետ, սակայն ոչ իր ազգային շահերի հաշվին: