Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Նախօրեին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես են եկել Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշել է. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի:
Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ապրապնդման կարիք ունեն»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում։
Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվել է Ֆրանսիային:
Նախորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցելէ Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: