Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի մարզադաշտում մայիսի 18-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը շրջանի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:
Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը:
Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:
Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: