Նախկին զինվորականը հացադուլ է հայտարարել ՊՆ շենքի դիմաց
Նախկին զինվորական Մխիթար Ալումյանը երեկվանից երեք երեխաների հետ բողոքի ակցիա է իրականացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նա հացադուլ է հայտարարել, նրան միացել էր ավագ դուստրը։ Ավելի ուշ երեխան դադարեցրել է։
Խմբագրության զանգահարած աղջիկը պատմեց, որ նախարարության դիմաց են եկել՝ հորը աշխատանք տրամադրելու պահանջով։
«Մենք նախարարության դիմացն ենք, հացադուլ ենք անում, բայց էլի անտարբեր են մեր նկատմամբ»,-ասաց դուստրը՝ Գայանեն։
Ընտանիքի ու նրա խնդիրների մասին Panorama.am-ն ավելի վաղ գրել էր։ Նրանք ապրում էին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, հիմա Հրազդանում՝ վարձով։
Մխիթար Ալումյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց, բազմազավակ է, կինը երկու երեխաների հետ Գերմանիայում է՝ հիվանդ երեխայի բուժման նպատակով, ինքը երեք երեխաներին միայնակ է խնամում, տուն չունեն, թոշակը բավարար չէ, եղածի վրա էլ բանկում ունեցած վարկը չմարելու պատճառով ԴԱՀԿ-ն կալանք է դրել։
«Ես խնդրել եմ նախարարութունից, հիմա նախարարին էլ գրավոր դիմում եմ գրել, որ ինձ հերթագրեն տուն ստանալու համար, կաչ չունի, որ զորացրվել եմ, ինչպես նաև թեկուզ պարտքով գոնե 400 հազար դրամ գումար տան»,-պահանջները ձևակերպեց Ալումյանը։
Նախկին զինվորականը հաշվել է, որ 250 հազար դրամով վարկը կփակի, 50 հազար դրամ սնունդի համար ծախսի, 100 հազար դրամ էլ երեխայի վերջին զանգի համար է պետք։ Նրա խոսքով, ՊՆ-ն արդեն մեկ անգամ իրեն օգնել է, 200 հազար դրամ է տրամադրել։
Ավելի ուշ, Ալումյանն ասաց, երեխաներին տուն է ուղարկել, մարզպետարանի սոցիալական վարչությունից եկել են, նրանց տարել։
«Աշխատանքի համար մի քանի տեղից են զանգել, հըլը չեմ գնացել, չեմ տեսել։ Ասում են գումարը նորմալ է, ինչ աշխատանք էլ լինի, կանեմ երեխեքիս պահեմ։ Կմնա տան հարցը»,-ասաց քաղաքացին։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, տեղյակ է ակցիային, գիտի պահանջի մասին։
«Օրենքի շրջանակում ինչ հնարավոր է, արել ենք, որևէ նոր բան չկա»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ