Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեխնիկական դետալներն են ճշտվում
Մայիսի վերջին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր կլինեն Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում։ Քննարկվելու են առաջիկա ծրագրերը, քայլերը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը պատասխանելով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ
նախարարների հնարավոր հանդիպման մասին տեղեկություններին, ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և սպասում են տեխնիկական դետալների հստակեցման։
«Մասնավորապես, հրավիրյալ կողմը պետք է հստակեցնի հանդիպման անցկացման վայրը և ժամկետները, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել դրա մասին։ Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը՝ Մոսկվա, Փարիզ, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը լինի Վաշինգտոնում»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման վերաբերյալ տեղյակ պահելուն, Աննա Նաղդալյանը նշեց, որ զորավարժությունների անցկացման մասին նախապես տեղյակ պահելը ԵԱՀԿ հանձնառություն է, և Ադրբեջանը պետք է տեղյակ պահեր ոչ թե հայկական կողմին, այլ համապատասխան կառույցին։
«Նախապես չզգուշացված զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Այս հարցը հենց վաղը ԵԱՀԿ համապատասխան նիստի ժամանակ բարձրացվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան համաձայնագրին, որում կարող է ներառվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, ապա Աննա Նաղդալյանը նշեց, որ այն երկկողմ բանակցություններ են, Հայաստանը երրորդ կողմ է, սակայն Հայաստանի տեսակետները Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի են միջազգային գործընկերներին, որն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, իսկ ԵՄ պարագայում ՀՀ-ԵՄ համաձայնագրում, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում։
«Մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Արձագանքելով Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությանը, որ ժամանակն աշխատում է ընդդեմ «ագրեսոր Հայաստանի», ԱԳ մամուլի խոսնակն ասաց, որ նման բանավեճի մեջ ներգրավվելու, նման դասախոսությունների անհրաժեշտություն չունենք և խաղաղությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին է անհրաժեշտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում