Հայկ Ալումյանը մեկ ճիշտ բան կարող է անել՝ գնա անուն փոխի. Հայկ Սարգսյան
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ասաց, որ ինքը միացել էր դատարանների ելքերն ու մուտքերը փակող մարդկանց, որպեսզի իր աջակցությունը հայտնի իրենց քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիներին։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի քննադատություններին, որը վերաբերում էր Հայկ Սարգսյանի՝ դատարանները փակելու մասին գրառմանը, ինչը փաստաբանը որակել է կոպիտ միջամտություն և ճնշում դատարանների վրա, պատգամավորն ասաց, որ ինքն այդ գրառումն արել է ֆեյսբուք սոցիալական ցանցում և չի էլ հեռացրել։
«Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձևով մեկնաբանում -և հարվածում էր նախկին իշխանություններին, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել: Հայկ Ալումյանը Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, ընդամենը կարճ ժամանակ հետո եկել ու դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես իրեն ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն այն մարդն է, որ հրազենով ինձ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով նախկինում հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանության կազմակերպման մեջ է մեղադրվել, կալանավորվել ու պատիժ է կրել»,- ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե նա փաստաբան է, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի, այդտեղ շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինչպես է հնարավոր մարդը պաշտպանի երկու տարբեր մարդկանց, որոնք մեկը մյուսի նկատմամբ ցուցմունք են տալիս: Ես նման մարդուն ո՞նց մեկնաբանեմ: Ինքը միայն մեկ ճիշտ բան կարող է անել՝ գնա անուն փոխի, քանի որ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ դատարաններն արգելափակելու վարչապետ Փաշինյանի կոչի մասին
- Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է