Ղազախստանում անցկացվող մեդիա ֆորումին մասնակցում են Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող մեդիա ֆորումին Հայաստանից մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը ֆորումին մասնակցում է Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով։
Ավելի վաղ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին։ Հիշեցնենք, որ Սարգսյանը ֆորումի համահիմնադիրներից է։ Նա այսօր ելույթ է ունեցել այնտեղ։
Համաժողովին ելույթով հանդես կգա նաև Աննա Հակոբյանը՝ «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։
Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա Դարիգա Նազարբաևայի հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի «Լույս» մշակութային կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:
Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ
- Արմեն Սարգսյանը կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին