Ինչո՞ւ Արցախ հրավերներ չեն եղել
«Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»,-երեկ արձանագրեց գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը։
Այսօր վաղ առավոտից Panorama.am-ը փորձեց պարզել՝ ինչո՞ւ Արցախից պատվիրակություն Հայաստան չի ժամանել։ Հայաստանյան գերատեսչություններն էլ այդ հարցի պատասխանը չունեին։
Նախ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, երեկ երեկոյան Արցախի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված հանդիպում ուներ Ստեփանակերտում, ֆիզիկապես Արմավիր հասնել ու Ստեփանակերտ վերադառնալ չէր հասցնի։
Հարցին՝ Երևանից մասնակցելու հրավեր եղե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ամեն տարի չէ, որ մենք մասնակցում ենք տոնակատարություններին։ 2018-ին եղել ենք, քանի որ այն հոբելյանական էր։ Եվս 1-2 անգամ էլ ենք եղել նախկինում, չեմ կարծում, որ այստեղ պետք է ինչ-որ բաներ փնտրել»։
Իհարկե, Արցախը տոնակատարությանը կարող էր ներկայացված լինել ավելի ցածր մակարդակով, օրինակ, ԱԺ նախագահի, պետնախարարի, նախարարների կամ պատգամավորների։ Կարծես, հենց դրա մասին էր գրել Ղարամյանը։
Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ղելավարը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էր։ Հենց նրա ղեկավարած կառույցում էին քննարկվում միջոցառումների կազմակերպմանը և համակարգմանն ուղղված հարցերը։
Ի պատասխան Panorama.am-ի հարցի, այստեղից ասացին, իրենք հրավերներով չեն զբաղվել, հարցին կարող են պատասխանել կառավարությունից։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էր ՊՆ ներկայացուցիչը։ Այս նախարարությունից էլ հայտնեցին, իրենք միջոցառման կազմակերպիչը չեն, հրավներով չեն զբաղվել։
Մի քանի ժամ սպասեցնելուց հետո կառավարությունից խոսեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով այս պահին Ղազախստանում է, նախ տարակուսանքն է հայտնել հարցի վերաբերյալ, ապա համապատասխան վարչության միջոցով Panorama.am-ին փոխանցել հետևյալը.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում մայիսի 9-ին եռատոնին նվիրված տոնակատարություններին մասնակցում է առանց հրավերի, և այն համարում է իր տոնը։ Յուրաքանչյուրը, ով մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը համարում է իր տոնը կարող էր մասնակցել միջոցառմանը։ Վերջին մի քանի տարիներին Արցախի ղեկավարությունը մայիսի 28-ի տոնակատարություններին Սարդարապատում ներկա չի եղել՝ բացառությամբ 100-ամյակի միջոցառումներին, որոնք իրենց բնույթով այլ մասշտաբի էին»։
Փաստորեն այս հարցում էլ կառավարությունում որոշել են իներցիայով գնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ