Այսօր ևս մեկ անգամ արձանագրվել է, որ Տրանշ-2-ում շինարարություն չի իրականացվում
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանց պահպանության նպատակով Տրանշ-2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի համար իրականացվել է ճանապարհի ծրագրի փոփոխություն, և կազմվել է նոր նախագիծ, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն:
Տրանշ-2 ծրագրի կառավարման խորհրդատու «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի հնագիտության մասնագետ Բորիս Գասպարյանը, ներկայացնելով հնավայրը, այնտեղ առկա հուշարձանները, նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և դրանց պահպանմանը։ Նա նաև ընդգծել է, որ հայտնաբերված «Ագարակ» պատմամշակութային հուշարձանն իր չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունի։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են նաև Տրանշ-2-ի այլ հատվածներ, որտեղ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ շինարարություն չի իրականացվում, և կապալառուն՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, բացակայում է շինհրապարակից։
Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում կապալառու իսպանական կազմակերպության հետ՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար։
Տրանշ-3-ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս պահին կապալառուն հիմնականում կատարում է հողային աշխատանքներ Տրանշ-3-ի տարբեր հատվածներում։
Նախարարի տեղակալը նշել է, որ այստեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաև ԱԶԲ տեխնիկական փորձագետի ներգրավումը, որը, համագործակցելով կապալառուի և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ, որոշ հարցերի լուծման ուղղությամբ աջակցել է իր առաջարկներով։
Նշվել է, որ Տրանշ-3-ում կապալառուն մտադիր է հնարավորինս շուտ ավարտել հողային աշխատանքները և անցնել պատվածքի շերտերի տեղադրմանը։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-Հարավի «Տրանշ-2»-ը ժամանակին շահագործման չի հանձնվի
- Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»