Վարչապետ. Բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության
«Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ներկայացուցչի կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու միջադեպին։
«Իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնություն եմ ենթարկելու։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մարդ ծեծե՞լ, ծեծել են, թե՞ եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է եղել։ Եթե դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդծեց, բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության։
«Հիմա ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտներին փռել, պատերով տալ, բայց որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»,- նշեց նա։
Խոսելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին առաջադրելուն, վարչապետն ասաց, որ նա Սահմանադրական դատավորի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է ՀՀ նախագահի որոշմամբ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարևանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն։
«Խորհրդարանի այդ մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է Հայաստանի նախագահի կողմից առաջադրված թեկնածուին։ Այսինքն՝ մինչև «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման Ազգային ժողովին ներկայացվել է Հայաստանի նախագահի կողմից՝ նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում։ Ստացվել էր մի վիճակ, որ նախորդ խորհրդարանական մեամասնությունը մերժել էր Հանրապետության նախագահի թեկնածուին։ Կարծում եմ՝ Հանրապետության նախագահն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ այդ անարդարությունը պետք է վերացվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո ոստիկանությունը դեռ նորություն չունի
- Գեղամ Մանուկյան. Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել
- Ոստիկանությունը՝ «Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգի վերաբերյալ
- Վահե Գրիգորյան. Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթն իմ դեմ
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին
- Սահմանադրագետ. Նախագահի փոխարեն լինեմ, Վահե Գրիգորյանի թեկնածությունը չեմ առաջադրի