Ես ոչ մեկին մատուցած ծառայություններ չունեմ. Ֆելիքս Ցոլակյան
«Կառավարության կառուցվածքային փոփոխությունների ժամանակ նախարարությունում կլինեն փոփոխություններ, բայց դրանք չեն վերաբերի մասնագետներին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե շատ գրվեց, որ ԱԻՆ-ը չի լուծարվել, քանի որ Ցոլակյանը ծառայություններ է մատուցել իշխանություններին, նա պատասխանեց. «Ես ու՞մ եմ մատուցել ծառայություն։ Ես ոչ մեկին մատուցած ծառայություններ չունեմ։ Նախարարության միացման-չմիացման մասին մի քանի անգամ ասել եմ, որ սա հումանիտար կառույց է՝ մարդկանց օգնել, փրկել և այլն, իսկ Ոստիկանությունն ունի պատժիչ ֆունկցիաներ։ Ինչպես նաև ես հիմա նախարար եմ, բնականաբար, ինչ էլ ասեմ, ասելու եք՝ սուբյեկտիվ եք»։
Նա հավելեց, որ եթե որոշեն ԱԻՆ-ը միացնել այլ նախարարության, ինքը դեմ չի լինի։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած գերատեսչությունում աշխատավարձերի հարցին՝ ասաց. «Մի քանի օրից կառավարություն կգնա մեր առաջարկները։ Իսկապես աշխատավարձերը ցածր են և սրա մասին պետք է լուրջ մտածենք»։