ԲԴԽ-ում քննվում է Վճռաբեկ դատարանի 10 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը
Բարձրագույն դատական խորհուրդում քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախքան միջնորդության քննարկմանն անցնելը Ա. Զեյնալյանն ասաց. «Միջնորդությունն իմ կողմից ներկայացվել է հարգալից կերպով։ Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերը և ջանքերը։ Այս միջնորդությունը ներկայացնելը նպատակ չի հետապնդում նսեմացնելու կամ ստվերելու Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը»։
Նախարարն ասաց, որ այս միջնորդությամբ հարուցված վեճը բացառապես կրում է գիտագործնական բնույթ, նպատակ է հետապնդում ստեղծելու նաև իրավակիրառական պրակտիկա բացահայտելու սույն գործով կիրառման ենթակա իրավադրույթների բովանդակությունը։
Միջնորդությունը ներկայացրեց արդարադատոթյան նախարարի կողմից ներկայացված լիազոր անձ Միքայել Մինասյանը։ Միջնորդության ներկայացման համար հիմք է ծառայել այն, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել քաղաքացու հայցը, որը վերաբերել է անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքին։ Որպես կարգապահական վարույթի հարուցման փաստական հիմք է հանդիսացել դատավորների կողմից վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու մերժման որոշումը՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանությամբ անձի արդար դատաքննության իրավունքն անհիմն սահմանափակելը և արդարադատության իրականացումից հրաժարվելը։ Վճռաբեկ դատարանը բավարավել է մի քանի իրավանորմերի վկայակոչմամբ, որոշել, որ բողոքաբերի նշած հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ առկա են նոր երևան եկած հանգամանք։
Վճռաբեկ դատարանի դատավորները հարցեր ուղղեկցին Մ. Մինասյանին։ Այնուհետև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն իր ելույթում մեջբերումներ արեց տարբեր նորմատիվ իրավական ակտերից, ապա նշեց. «Գտնում ենք, որ նախարարի կողմից դատավորներիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդության Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշում է կայացվել ՀՀ Սահմանադրության և միջազգային փաստաթղթերով ամրագրված դատավորների անկախության երաշխիքների խախտմամբ այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայել են կարգապահական պատասախանատվության ենթարկելու առերևույթ հիմքերը, հետևաբար նաև կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար պայմանները»։